Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ Է»

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ Է»
01.07.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրը «Թեկուզ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, պրոդյուսեր ԳԱԳԻԿ ԱԹԱՍՅԱՆՆ է
-Արցախյան ազատամարտին նվիրված «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որոնք նախատեսված էին այս տարվա հուլիսին, հետաձգվելու են մինչև 2012 թիվը: Ո՞րն է պատճառը։
-Նախ ասեմ, որ չի հետաձգվելու, դա մշակույթի նախարարության պատասխանն է: Նախագահի հանձնարարությամբ նրանք պետք է ֆիլմի նախագիծը ներկայացնեին կառավարության նիստին, երկար ձգձգելուց հետո որոշեցին տեղափոխել 2012 թվական: Դա մերժման ձև է, որովհետև ուշացնելու դեպքում այդ ֆիլմը արժեք չի ունենա, նախնական պայմանավորվածությունները արտասահմանյան կինոմասնագետների, դերասանների հետ չեղյալ կհամարվեն: ՈՒշացման ամեն օրը, ժամը ի վնաս մեզ են աշխատում:
-«Մշակույթի նախարարությունը չի կատարում նախագահի հանձնարարականը». Ձեր այս հայտարարությունը ինչքա՞ն է տեղին: Մշակույթի նախարարությունից ինձ փոխանցեցին, որ նախագահին ուղղված Ձեր բաց նամակը հանձնել են մշակույթի նախարարության տնօրինությանը: Դե, նրանք էլ, ինչպես տեսնում եք, տնօրինում են:
-Չեմ կարծում, թե նման հանձնարարականն ինքնանպատակ է լինում: Ինձ նույնպես գրավոր իրազեկել են, որ, նախագահի հանձնարարականով, գրությանն ընթացք տրվի: Ազգային կինոկենտրոնը տվել էր դրական եզրակացություն: Ե՛վ կինոկենտրոնի տնօրենը, և՛ մշակույթի նախարարությունից ինձ խոստացան, որ առաջիկայում նախագիծը կներկայացվի կառավարություն, ու պահուստային ֆոնդից գումար կհատկացվի (ֆիլմի ֆինանսավորումը մասնակիորեն ապահովված է): Այսինքն, կար այդ ճանապարհը:
-Ֆիլմում նկարահանվելու են հայ, ռուս, ուկրաինացի, ամերիկացի, ֆրանսիացի, հնդիկ դերասաններ, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում: Ի՞նչն է պատճառը:
-Նախ` ասեմ, որ ադրբեջանցիները լավ են աշխատում, մեր հրապարակումները թարգմանվում ու զետեղվում են իրենց լրատվամիջոցներում, և եթե իմանան, թե խոսքը որ դերասանի մասին է, կարող են խոչընդոտել: Հենց այդ պատճառով էլ Մել Գիբսոնը հրաժարվեց «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի թեմայով ֆիլմի նկարահանումից: Երբ նկարահանման աշխատանքներն սկսվեն, մամուլի ասուլիսներ կլինեն, կներկայացվեն նաև հրավիրված դերասանները:
-Արցախյան պատերազմի մասին այլ ֆիլմեր կան, և, որքան ինձ հայտնի է, ազատամարտով անցած մարդիկ չեն հավանում դրանք: Գուցե կինոն ունի ի՞ր օրենքները, թե՞ ցանկալի է, որ այն նկարահանի պատերազմի բովով անցած ռեժիսորը:
-Քանի որ մեր ֆիլմն արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման մասին է լինելու, հանդիպել ենք հրամանատարների հետ. այդ քննարկումները, կարծիքներն օգնում են մեզ: Մեզ աջակցում է նաև պաշտպանության նախարարությունը: Ինչ վերաբերում է առհասարակ ազատամարտիկներին, նրանցից շատերը սցենարին ծանոթ են: Ես հեռուստատեսությամբ էլ եմ ասել, որ այս նախագիծն ինչ-որ տեղ մեր ազատամարտիկների խնդրանքն է, պահանջը: Մեր ծրագիրը մշակված է, ուղղակի չենք ուզում շատ փակագծեր բացել:
-Իսկ ղարաբաղցի-երևանցի այսօրվա տարբերակումից ինչպե՞ս եք գլուխ հանում: Արցախցի լինելը խանգարո՞ւմ է, թե՞ օգնում:
-Ես մտավախություն ունեի, որ եթե պետական աջակցություն ստանանք, կասեն` ղարաբաղցի է, դրա համար են օգնում: Բայց, ինչպես տեսնում եք, դժվարություններ ունենք: Մյուս կողմից էլ` վստահության մթնոլորտ է ստեղծվել, և համախոհների մեծ բանակ կա իմ թիկունքում: Իսկ ընդհանուր առմամբ վատ եմ վերաբերվում, երբ տարբերակում են` ղարաբաղցի, սփյուռքահայ… Բոլորս էլ հայ ենք, ուղղակի յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ զինվորն է իր հայրենիքի: Դա մեզ պարտադրված է, և դա է մեր ճակատագիրը:
-Մոսկվայո՞ւմ եք ապրում:
- Ոչ, ես ընդմիշտ չեմ մեկնել, ավելի հաճախ Հայաստանում եմ լինում:
-Մի քիչ պատմեք Ձեր մասին, մեզ մոտ, կարծես, այնքան էլ չեն ճանաչում Գագիկ Աթասյանին:
-Մասնագիտությամբ դերասան եմ, սովորել և աշխատել եմ Իշխան Ղարիբյանի թատրոնում, Հրազդանի հեռուստատեսությունում: Հետո տեղափոխվել եմ Մոսկվա, սցենարներ եմ գրում, հանդես եմ գալիս որպես դերասան, ռեժիսոր: Պրոդյուսերական աշխատանքներ եմ անում և՛ Հայաստանում, և՛ Մոսկվայում:
-Մեզանում հաճախ է խոսվում, որ նկարահանված ֆիլմերը մնում են պահոցներում, նույնիսկ չեն հասնում հայաստանյան հանդիսատեսին: Իսկ Դուք, որքան գիտեմ, ֆիլմը համաշխարհային կինոշուկայում ներկայացնելու մտադրություն ունեք:
-Ֆիլմը պահոցում չի մնա, մեր նպատակը հենց արցախյան ազատամարտը, պատմական ճշմարտությունը աշխարհին ներկայացնելն է: Մենք հատուկ մշակված ծրագիր ունենք, որ «Թեկուզը» հասկանալի լինի օտարերկրացուն և չդիտվի որպես միակողմանի ֆիլմ: Հնարավոր ամեն ինչ արված է, որ ներկայացվի հեղինակավոր կինոփառատոներում, ունենք այդ հնարավորությունը, դրա համար եմ ասում` յուրաքանչյուր օրը կարևոր է:
-Չե՞ք կարծում, որ մեզ մոտ էլ ազատամարտը ներկայացնելու կարիք կա: Նոր սերունդը նույնպես չի ճանաչում կամ վատ է ճանաչում իր պատմությունն ու իր հերոսներին:
-Իհարկե, պարզապես հայաստանյան հանդիսատեսը ֆիլմը դիտելու է մի փոքր ավելի ուշ, և այն հասանելի է լինելու բոլորին:
-Ադրբեջանում նույնպես արցախյան պատերազմի մասին ֆիլմ է նկարահանվում, ընդգրկվում են ռուս դերասաններ, կարծում եք, սա արվում է ի հակակշիռ Ձեր «Թեկուզ»-ի՞։
-Շատերն են ասում, որ ուզում են հակահարված տալ այս ֆիլմին: Ադրբեջանցիները մեծ գումարներ են վատնում` հակահայկական քարոզչություն իրականացնելու, մասնավորապես` խեղաթյուրելու համար Արցախի մասին ճշմարտությունը: Ես ինքս մոտ 30 նմանատիպ ֆիլմ եմ դիտել: Պետք է տեղեկացված լինես, իմանաս` իրենք ինչ են անում, որ ավելի լավ աշխատես:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ